Վիրտուալ կերպարները վարում են հայտնի բլոգներ, մասնակցում են նորաձևության ցուցադրություններին, շփվում հետևորդների հետ և վաճառում գովազդ իրենց սոցցանցային էջերում հազարավոր դոլարներով: Միասին պարզենք, թե ինչու են նրանք ստեղծվել և ինչ հեռանկարներ ունեն։
Վիրտուալ ինֆլյուենսերները համակարգչային գրաֆիկայի միջոցով ստեղծված կերպարներ են: Առաջին թվային «աստղերը» հայտնվել են ավելի քան 20 տարի առաջ․ Gorillaz վիրտուալ խումբը, որի ալբոմները մի քանի անգամ դարձել են պլատինե, գոյություն ունի 1998 թվականից։ Ճապոնիայից Հացունե Միկու անունով վիրտուալ երգչուհին հայտնի է 2007 թվականից։ Նրա ամենամեծ համերգին՝ 2009 թվականին ներկա է եղել 25 հազ. մարդ։
Նոր հերոսներն ունեն իրենց բնույթը, պատմությունները, հայացքները և սոցցանցային ոճը: Նրանք, ինչպես իրական լայֆսթայլ բլոգերները, խոսում են իրենց առօրյայի մասին։
Ամենահայտնի վիրտուալ մոդելները
Լիլ Միկելան Instagram-ում ունի 3 միլիոն հետևորդ, աքաունթը գործում է 2016 թվականից։ Նա սիրում է երաժշտություն, ունի լիբերալ հայացքներ, գովազդ է վաճառում նորաձևության բրենդներին և մեկնաբանություններում շփվում է հետևորդների հետ։ Մի անգամ նա տեսանյութ է հրապարակել, որում պատմել է, որ տաքսում իր հանդեպ ոտնձգություն են թույլ տվել։ Նրա ստեղծողները Brud ստարտափի անդամներն են։ Լիլը Instagram-ի ամենահայտնի վիրտուալ ինֆլյուենսերն է։
Եթե Լիլը իրական մարդու նման է, ապա Նունույուրին արտասովոր արտաքինով աղջիկ է։ Դա չի խանգարում նրան մասնակցել Gucci-ի, Versace-ի, Tom Ford-ի, Chanel-ի և այլ ապրանքանիշերի ցուցադրություններին։ Նրա բիոյում գրված է «digital character. activist. vegan» («թվային կերպար,ակտիվիստ, վեգան»)։
Իմման ապրում է Ճապոնիայում։ Նա եղբայր ունի՝ Պլաստիկբոյը։ Երկուսով նրանք այցելում են ցուցադրությունների և լուսանկարվում նորաձևության ամսագրերի համար։ Եվս մեկ վիտուալ տղամարդ ինֆլյուենսեր է Լիամ Նիկուրոն, ով պրոդյուսեր է։
Շուդու Գրեմը առաջին վիրտուալ սուպերմոդելն է։ Նա համագործակցում է The Digitals-ի՝ վիրտուալ մոդելների առաջին գործակալության հետ: Այժմ Շուդուից բացի կան նաև այլ itcnm մոդելներ, ովքեր աշխատում են Samsung-ի, Louboutin-ի և այլ խոշոր բրենդների, ինչպես նաև՝ նորաձևության ամսագրերի հետ։
Ընկերությունները ևս սկսել են ստեղծել իրենք վիրտուալ ինֆլյուենսերներին։
KFC «թարմացրել է» գնդապետ Սանդերսին։ Այժմ նա թռչում է մասնավոր ինքնաթիռով, ոճային հագնվում և ունի «Secret Recipe For Success» («Հաջողության գաղտնի բաղադրատոմս») գրությամբ տատու։ Լուսանկարը կարող եք տեսնել ընկերության պաշտոնական էջում։
Դիզայներական խաղալիքների Superplastic ապրանքանիշը վերակենդանացրել է իր կերպարներին և հաջողությամբ զարգացնում է Instagram-ի էջը, որն արդեն ունի 1,4 միլիոն օգտատեր։ Yoox-ը ստեղծել է Daisy վիրտուալ խորհրդատուին, ով հագուստի հետ կապված խորհուրդներ կտա Ձեզ կամ ինքը կփորձի որոշ հագուստներ։ Նրա լուսանկարը հաճախ է հայտնվում էջում՝ կենդանի մոդելների հետ համատեղ։
Ինչպես է դա աշխատում
Վիրտուալ ինֆլյուենսերները բաժանվում են չորս տեսակի․
Անկախ
Վիրտուալ աստղեր, բլոգերներ, ովքեր պատմում են իրենց պատմությունը։ Օրինակ՝ Լիլ Միկելան, Նունույուրին և Իմման։
Վիրտուալ մոդելներ
Նրանք մասնակցում են ցուցադրություններին և նկարահանվում գովազդներում, օրինակ՝ Շուդու Գրեմը։
Բրենդի ստեղծած մոդելներ
Վիրտուալ սփիքերներ են, ովքեր ներկայացնում են բրենքն ու նրա արժեքները։ Օրինակ՝ գնդապես Սանդերսը։
Վիրտուալ օգնականներ․ նրանք պարզապես օգնում են լուծել որոշակի խնդիրներ, ինչպես՝ Yoox բրենդի Դեյզին։
Անկախ ինֆլյուենսերներին ստեղծում են կրեատիվ գործակալությունները։ Նրանք են ստեղծում նրանց պատմությունը, արտաքին տեսքը, հավաքում հետևորդներ և գրավում բրենդների ուշադրությունը։ Պոպուլյար վիրտուալ ինֆլյուենսերները իրականների նման վաճառում են գովազդ իրենց էջերով, մասնակցում տարբեր նախագծերի և նկարում սթորիներ։
Բիզնես տեսակետից վիրտուալ ինֆլյուենսերները ունեն մի շարք առավելություններ՝ ի տարբերություն մարդկանց։
-չկան հավելյալ ծախսեր, օրինակ՝ ոճաբանի, վարսահարդարի, վարորդի, թռիչքների, սնունդի և բնակության համար։
-վիրտուալ ինֆլյուենսերները չեն հոգնում, չեն հիվանդանում և կարող են հայտնվել մի քանի վայրում միաժամանակ։
-Նրանք ունեն տեղաշարժման ազատություն․ մեկ կարող են հայտնվել Էվերեստի վրա, հաջորդ պահին՝ Լոս Անջելեսում համերգի։
-Նրանք կարող են հեշտությամբ փոխել իրենց արտաքինը, նիհարել կամ գիրանալ, մկանները ձգել կամ փոխել սանրվածքը։
Բայց կան նաև դժվարություններ․ իրական բլոգերը կարող է վայրկյանների ընթացքում սելֆի անել, իսկ վիրտուալ ինֆլյուենսերի պարագայում դրա համար աշխատում է 3D-նկարիչների մի ամբողջ խումբ։
Վիրտուալ կերպարների հիմնական լսարանը 18-ից 24 տարեկան կանայք են (45%), իսկ լսարանի 14,5%-ը՝ 13-ից 17 տարեկան, ինչը բնորոշ չէ Instagram-ին. դեռահասներն այսօր նախընտրում են TikTok-ն ու Snapchat-ը։
Բրիտանական OnBuy մարքեթփլեյսի տվյալներով՝ ոլորտի ամենաբարձր վարձատրվող կերպարը Լիլ Միկելեն է։ Նրա մեկ հրապարակումն արժե $8,5 հազար դոլար։ Երկրորդ տեղում Նունույուրին է․ նրա հրապարակումն արժե $1,8 հազար դոլար։
Հեռանկարները
Նայելով այս կերպարներին՝ տպավորություն է, թե հայտնվել ես «Սև հայելի» սերիալում։ Բայց սա դեռ սկիզբն է։ Կորոնոավիրուսը լավ զարգացրեց այս ոլորոտը։ Նրանց գործունեությունը ծավալվում է օնլայն, բացի այդ՝ կորոնավիրուսը ու նման այլ հիվանդությունները նրանց չեն սպառնում։ Ընկերությունները կարող են առանց սոցիալական հեռավորության կազմակերպել ցուցադրություններ և այլ միջոցառումներ։ Նրանք այդ պայմաններում նույնիսկ կարող են անարգել ճամփորդել ու ներկայացնել տարբեր հյուրանոցներ և ռեստորաններ։
Ինֆլյուենսերների միջոցով առաջխաղացման բյուջեները ևս աճում են։ 2019 թվականին ընկերությունները ծախսել են $8 միլիարդ, 2020-ին՝ $10 միլիարդ, 2022-ին՝ $22 միլիարդ։ Ընդ որում, վիրտուալ բլոգերների կոնտենտը ավելի հետաքրքիր է։ Ինֆլյուենսերների ներգրավածության միջին ցուցանիշը 0,7% է, իսկ Լիլ Միկելեինը՝ 2,7%։
Բացի այդ, ակտիվ զարգանում է նաև այդ ինֆլյուենսերների գրաֆիկան։ Նրանք գնալով ավելի մարդկային կերպարանք են ստանում ու կարող են ֆիզիկապես ներկա գտնվել որևէ վայրում։
Ի դեպ, նման կերպարի ստեղծման համար օգտագործվում են CGI-տեխնոլոգիաներ (computer-generated imagery՝ համակարգչով գեներացված պատկեր)։ Ֆինանսական տեսակետից նրանց ծնունդը միլիոններ արժե։
Հետևո՞ւմ եք որևէ վիրտուալ բլոգերի։ Հավանո՞ւմ եք։